04.05.2013|
01:14
Ի՞նչ մասնագետ էր Հայրիկ Մուրադյանը. բանահավա՞ք, բանասե՞ր, պատմաբա՞ն, երգի՞չ... Ինքներդ շարունակեք, թերևս ավելացնեք՝ Հայաստան աշխարհով մեկ ընկած՝ հայ հին երգի ակունքները բացող, պարզող, մաքրող ու ճանապարհ հանող մի ուխտավոր: Հայրիկ Մուրադյանը երաժշտական կրթություն չունի: Բայց դու մեր հին ճարտարապետության հուշարձանները կառուցող այն ո՞ր վարպետին կհարցնես, թե այդ ո՞ր ուսումնական հաստատությունում ես ուսանել քիվերի փորագրության այդ զարմանալի արվեստը: Հայրիկի հարցում էլ տարակուսում ես, թե նրան ինչպե՞ս կոչես՝ բանահավա՞ք, բանասե՞ր, պատմաբա՞ն, երգի՞չ... Միայն այդքա՞նը, երբ այդ կամովին ուխտավորը ութ տասնամյակ շարունակ զբաղված էր հայ ազգային մշակույթի ակունքները մաքուր պահելու և նոր սերունդներին հասցնելու ազգահաճո գործով: